07
02, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարան

Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարան:

Համալսարանի մուտքի մոտ նախագահ Վահագն Խաչատուրյանին դիմավորել են Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը և համալսարանի ռեկտոր Գեզա Կումինեցը:

Ողջունելով ներկաներին, նախագահ Խաչատուրյանն ասել է.

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել գրեթե 400 տարվա պատմություն ունեցող այս կրթօջախում։ Սա պատահական չէ և ավելին՝ կարծում եմ խորհրդանշական է, քանզի Ձեր համալսարանն այսօր հանդիսանում է հայ-հունգարական պատմական և մշակութային կապերի խորհրդանիշներից մեկը՝ յուրովի ծառայելով մեր երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության և համագործակցության խորացմանը:

2016թ. մարտի 23-ին Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարանի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի միջև կնքված համագործակցության պայմանագրի արդյունքում Պազմանի համալսարանի պատմության ինստիտուտում հիմնադրվեց հայագիտության ամբիոն: Սա հիրավի պատմական իրադարձություն էր՝ ուղղված այն հայագիտական ավանդույթների զարգացմանը, որոնց ակունքներում էին հունգարահայ պատմագիրներ Սոնգոտ Քրիշտոֆը, Գովրիկ Գերգեյը, Ավետիք Լուկաչը, հայագետներ Էդմոնդ Շյուտցը, Էվա Բագի-Գևորգյանը, Պալ Սալմաշին, Պիրոշկա Կրայչիրը։

Իսկ այսօր այդ ավանդույթները զարգանում են հայագիտական ամբիոնի վարիչ դոկտոր Բալինտ Կովաչի ամենօրյա ջանքերի և գիտական գործունեության արդյունքում: Ներկայում Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում ուսանում են 45 հայ ուսանողներ տարբեր երկրներից: Նրանց զգալի մասը կրթաթոշակ է ստանում Հունգարիայի կառավարությունից, իսկ մյուս մասը՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամից:

Ինձ հաճելի էր տեղեկանալ, որ Հունգարիայի ազգային փոքրամասնություններին առնչվող «Pro Cultura Minoritatum Hungariae» մրցանակի այս տարվա 13 մրցանակակիրներից մեկը հենց դոկտոր Կովաչն է, ով այդ մրցանակին արժանացել է իր հայագիտական հետազոտությունների, Հայ կաթոլիկ եկեղեցու մշակութային ժառանգության վերաբերյալ իր գիտական աշխատանքի և Պետեր Պազմանի համալսարանում հայագիտական ամբիոնի հիմնադրման համար:

Հարգելի գործընկերներ,

Յուրաքանչյուր ժողովրդի զարգացման կարևոր հիմնաքարը կրթությունն է, և կրթությանն ուղղված ներդրումները: Իսկ միջպետական կապերի զարգացման հիմքերից մեկը երկրների միջև գիտակրթական, պատմական և մշակութային կապերի զարգացումն է: Հայաստանի և Հունգարիայի միջև բարելավվող հարաբերությունների համատեքստում առանձնակի կարևորություն են ստանում ոչ միայն երկու երկրների միջև գոյություն ունեցող պատմական հարուստ անցյալի, հունգարահայ պատմական գաղթօջախի և նրա մշակութային ժառանգության, Հունգարիայի պատմության մեջ նշանակալի ներդրումներ ունեցած հայազգի նշանավոր զինվորական և պետական գործիչների, գրողների, արվեստագետների կյանքի ու գործունեության հանրահռչակումը, այլ նաև մեր երկրների մերօրյա և ապագային միտված ծրագրերի ստեղծումն ու զարգացումը։ Եվ այս գործում իր անփոխարինելի դերն ունի Հունգարիայում հայ ազգային ինքնավարությունը՝ կենտրոնական, քաղաքային և մարզային կառույցներով։ Կարևորում եմ նաև հասարակական կազմակերպությունների գործունեությունը, որոնցից կառանձնացնեի Հայաստանում 1968թ.-ից գործող «Հայաստան-Հունգարիա» մշակութային կապերի և համագործակցության ընկերությունը:

Իրականում երկկողմ զարգացման մեծ ներուժ կա ոչ միայն հումանիտար, այլև գիտության գրեթե բոլոր ոլորտներում, հատկապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների, դեղագործության և այլ ոլորտներում, որտեղ թե հայերը, թե հունգարացիներն ունեն նշանակալի ձեռքբերումներ միջազգային հարթակներում: Կարևորում եմ այս ամենի մասին տեղեկատվության փոխանակումը և ծրագրերի մշակումը ոչ միայն կառավարական կառույցների, այլև տարբեր գերատեսչությունների, կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, գիտական կենտրոնների միջև՝ ամենատարբեր միջազգային գործիքների ներգրավմամբ:

Նորից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարանի ղեկավարությանը՝ հայագիտական ամբիոնին սատարելու, իսկ դոկտոր Շանդոր Օզեի գլխավորությամբ համալսարանի պատմության ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմին և հայագիտական ամբիոնի ողջ աշխատակազմին՝ իրենց ամենօրյա անխոնջ աշխատանքի համար»:


Համալսարան կատարած այցի շրջանակում տեղի է ունեցել նաև Երևանի Պետական մանկավարժական համալսարանի և Բուդապեշտի Պետեր Պազմանի Կաթոլիկ համալսարանի միջև ստորագրված միջազգային համագործակցության վերաբերյալ համաձայնագրում լրացում կատարելու մասին պայմանագրի ստորագրման արարողությունը, որը ստորագրել են ռեկտորներ Սրբուհի Գևորգյանը և Գեզա Կումինեցը:

 

← Վերադառնալ