19
01, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սամանտա Փաուերի հետ

Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանի ընդհանուր իրադրությունն ու առկա հումանիտար մարտահրավերները:

Անդրադարձ է կատարվել գործակալության ղեկավարի տարածաշրջանային վերջին այցի արդյունքներին:

Հանրապետության նախագահը վերստին ընդգծել է կայուն և տևական խաղաղության հասնելու Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և նշել է, որ խաղաղության գործընթացն այլընտրանք չունի:

Զրույցի ընթացքում երկուստեք շեշտվել է մարդասիրական խնդիրների լուծման ուղղությամբ ջանքերի համատեղման կարևորությունն ու հետագա քայլերի անհրաժեշտությունը: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության և գործակալության ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ, ինչի կապակցությամբ Սամանտա Փաուերը վերահաստատել է համագործակցության շրջանակների ընդլայնման ուղղությամբ կազմակերպության պատրաստակամությունը:

Զրուցակիցները բարձր են գնահատել նաև շուրջ երեք տասնամյակ Հայաստանի և «USAID»-ի միջև առկա սերտ համագործակցությունը և կարևորել են նպատակային փոխգործակցության հետագա խորացմանն ուղղված համատեղ քայլերի շարունակականությունը:
 

← Վերադառնալ