15
12, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում հանդիպել է Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանի հետ

Պաշտոնական այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի և հանդիպել Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանի հետ:

Թեմի առաջնորդը շնորհակալություն է հայտնել նախագահին այցելության համար և շեշտել նման այցերի կարևորությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար:

«Տիար նախագահ Խաչատուրյան, այսօր Մոնտեվիդեոյի մեր հայկական համայնքը ուրախ է ողջունել Ձեզ Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու կամարներին ներքո, մենք իսկապես ուրախ ենք, որ դուք մեզ պատվեցիք այցելությամբ»,- նշել է սրբազանը:

Հանրապետության նախագահը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և խոսքերի համար նշել է. «Եկեղեցու դերն անուրանալի է Սփյուռքում, սա մենք բոլորս գիտենք, և բոլորս էլ այդ հանգամանքը հաշվի առնելով մեծ գնահատանքի ենք արժանացնում եկեղեցու աշխատանքն ու պատմական դերակատարությունը: Վստահ եմ, որ շարունակելու եք այն պատվաբեր գործը, որն իրականացրել եք քառասուն տարիների ընթացքում և դրա արդյունքում է, որ Ուրուգվայում համայնքը կա, և այն բարձր գնահատանքի է արժանանում նաև Ուրուգվայի իշխանությունների կողմից»:

← Վերադառնալ