Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի գործող նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հետ
Արգենտինայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի գործող նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-արգենտիանական հարաբերությունների շարունակական զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:
Երկու նախագահներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններում համագործակցային մեծ ներուժի առկայությանը, որի կյանքի կոչման համար աշխարհագրական հեռավորությունը չպետք է դիտարկվի որպես խոչընդոտ:
Զրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են վերջին շրջանում հարավկովկասյան տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի ու հայ ժողովրդի առջև առկա մարտահրավերներին: Այս համատեքստում նախագահ Ֆերնանդեսն ընդգծել է, որ լինելով մասնագիտությամբ իրավաբան մշտապես իր ձայնն է բարձրացրել ընդդեմ հայ ժողովրդի դեմ կատարվող անարդարությունների:
Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը լիազորություններն ավարտող նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին պարգևատրել է Պատվո շքանշանով։