Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Net Zero Needs Nuclear Power» խորագրով պանելային քննարկմանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի շրջանակներում մասնակցել է «Net Zero Needs Nuclear Power» խորագրով պանելային քննարկմանը, որի բանախոսներից էր նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
Նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը վճռականորեն աջակցում է կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարին՝ ձեռնարկելով գործնական քայլեր և նպաստելով մոլորակի համար ավելի կանաչ և կայուն ապագա ապահովելու հավաքական ջանքերին։
Վահագն Խաչատուրյանը նաև նշել է, որ Հայաստանի համար միջուկային էներգիան դառնում է որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի ռազմավարության կարևոր բաղադրիչը՝ միաժամանակ ապահովելով երկրի էներգետիկ անվտանգությունը։
ՀՀ նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի ատոմային էլեկտրակայանին՝ նշելով, որ ատոմակայանի դերը շատ կարևոր է Հայաստանի էներգետիկ ոլորտի համար։ «Այն ապահովում է Հայաստանի էներգետիկ հզորության 25-30 տոկոսը»,- ասել է Վահագն Խաչատուրյանը:
Նախագահը հիշեց, որ 90-ականների սկզբներին, երբ Հայաստանում մարդիկ ապրում էին առանց գազի և էլեկտրաէներգիայի, մարդկանց կյանքն էապես փոխվել է Հայաստանի ատոմակայանի վերագործարկումից հետո: Նրա խոսքով՝ դա նպաստել է երկրի տնտեսական աճին և մարդկանց կենսակերպի բարելավմանը։