22
11, 2023

Նախագահի նստավայրում կայացել են հայ-իրաքյան բարձր մակարդակի հանդիպումներ

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Իրաքի նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

Հանրապետության նախագահը ողջունելով Իրաքի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան, նշել է, որ այցելությունը պատմական է, քանի որ Հայաստանի անկախացումից հետո առաջին անգամ է Իրաքի Հանրապետության նախագահը այցելում Հայաստան:

Իր խոսքում նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնավորապես ասել է. «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Ձեր այցը պատմական է քանի որ առաջին անգամ Իրաքի նախագահն այցելում է Հայաստան, ինչն առավել է ընդգծում մեր երկրների և ժողովուրդների բարեկամությունը և, իհարկե, այս այցն ավելի կնպաստի մեր երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդն ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է լինել Իրաքի առաջին նախագահը, որն այցելում է Հայաստան, ես նաև ուրախությամբ կցանկանամ առաջիկայում հյուրընկալել Ձեզ Իրաքի Հանրապետությունում՝ Ձեր պաշտոնական այցի շրջանակներում, ինչը խթան կհանդիսանա մեր երկրների միջև առկա հարաբերությունների հետագա խորացման համար»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Իրաքի միջև բազմաշերտ համագործակցության շարունակական խթանման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Իր խոսքում նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Իրաքը, լինելով աշխարհագրական առումով Հայաստանին ամենամոտ արաբական երկիրը Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում ամենակարևոր և վստահելի գործընկերներից մեկն է:

Այս համատեքստում շեշտվել է երկու երկրների հարաբերություններում Իրաքի հայկական համայնքի գործոնի կարևորությունը: Հանրապետության նախագահը նշել է, որ հայ ժողովուրդը երախտապարտ է Իրաքի բարեկամ ժողովրդին ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին հյուրընկալելու և ապաստան տրամադրելու համար:

Զրույցի ընթացքում բարձր է գնահատվել Հայաստանի և Իրաքի օրենսդիր մարմինների միջև առկա ակտիվ փոխգործակցությունն ու երկուստեք կարևորվել են խորհրդարանական դիվանագիտության հետագա խթանմանն ուղղված ջանքերը:

Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդն իր խոսքում կարևորել է Հայաստանի և Իրաքի միջև առևտրատնտեսական և մասնավորապես բարձր տեխնոլոգիաների ոլորտներում լավագույն փորձի փոխանակման համատեղ ծրագրերի նախաձեռնումն ինչպես նաև տարբեր մակարդակներում փոխայցելությունները: Իրաքի նախագահն ընդգծել է, որ ներկայումս հայ-իրաքյան գործարար շրջանակների համար առկա են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր համագործակցային ոլորտներ և այս առումով քաղաքական բարձր մակարդակի փոխայցելությունները նշանակալի դերակատարություն ունեն գործարար շփումների և փոխգործակցային մթնոլորտի ձևավորման համար:

Անդրադառնալով երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին նախագահը նշել է, որ ներկայումս առկա է մեծ ներուժ առևտրատնտեսական փոխշահավետ համագործակցության խորացման համար:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև ուղիղ չվերթների իրականցման և վիզային ռեժիմի դյուրինացման հնարավորությունների վերաբերյալ:

Հանդիպմանը նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է ընդհանուր տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին: Այս համատեքստում նախագահն իր իրաքցի պաշտոնակցին մանրամասներ է հայտնել «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի վերաբերյալ, որը միտված է հարավկովկասյան տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատմանը, տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցության ուղիների և սահմանների բացմանը: Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ դիրքորոշում ունի հասնել կայուն խաղաղության, իսկ առկա խնդիրները հարևանների հետ լուծել կառուցողական երկխոսության և բանակցությունների միջոցով:

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնակցին Իրաքի Հանրապետության այցելելու հրավերի համար և նշել, որ քաղաքական տնտեսական և տուրիստական բնույթի փոխայցելությունները նպաստում են միմյանց ճանաչելուն, նոր կապերի ու հարաբերությունների հաստատմանն ու համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը:
 

← Վերադառնալ