20
11, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին:

Ողջունելով հյուրին նախագահը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրի կնքման կապակցությամբ և արդյունավետ համագործակցություն է մաղթել:

Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ որպես պատվիրակության ղեկավար իր բոլոր ջանքերն ուղղում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ սերտ համագործակցության շարունակական խթանման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության կողմից իրականցվող մշտադիտարկմանն ու հերթապահությանն: Երկուստեք բարձր են գնահատվել Հայաստանի և Եվրամիության համատեղ իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները:

Վասիլիս Մարագոսն իր խոսքում նշել է, որ Եվրամիությունը հանձնառու է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման անխափան ընթացքին աջակցելու իր որոշմանը: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը անշեղորեն որդեգրել է երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացման և ամրապնդման քաղաքականություն, որից չի նահանջելու:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին: Իր խոսքում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է կայուն և տևական խաղաղության հասնելու և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի միանշանակ դիրքորոշումը: Այս համատեքստում նախագահը շեշտել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության առկայությունը ժողովրդավարության ամրապնդման կարևոր նախապայմաններից է:
 

← Վերադառնալ