Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսի գլխավորած պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Երևանում նոյեմբերի 18-20 տեղի ունեցող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հյուրերին և նշել, որ Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի հետ գործընկերային հարաբերությունները:
«Այս տարի հայ-կանադական հարաբերություններն առանձնացան յուրահատուկ կերպով և նոր հաջողություններ արձանագրեցին, որոնցից ամենակարևորը Հայաստանում Կանադայի դեսպանատան բացումն էր, ես վստահ եմ, որ այն մեծ խթան կհանդիսանա մեր համագործակցության համար»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:
Նախագահը նշել է, որ դժվարին պահերին Հայաստանը մշտապես զգացել է բարեկամ Կանադայի աջակցությունը: «Մեզ համար շատ դժվարին ժամանակներ են, և մենք այս ընթացքում ձեր աջակցության կարիքն ունեցել ենք, և այդ աջակցությունը ստացել ենք: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և հանձինս Ձեզ Կանադայի իշխանություններին ակտիվ համագործակցության համար»,- ասել է նախագահը:
Լեո Հուսակոսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: «Կանադայի և Հայաստանի միջև գոյություն ունի մեծ կապ, ակնհայտորեն առաջին հերթին ամենահզորը՝ մարդկանց միջև կապն է: Երկրորդը՝ մեր հարգանքն ու գնահատանքն է ժողովրդավարության հանդեպ, մեր հանձնառությունը մարդու իրավունքներին, ազատությանը, օրենքի գերակայությանը»,- ասել է նա:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-կանադական համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ հարցեր: Երկուստեք բարձր են գնահատվել երկու երկրների միջև ներկայումս առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու խորհրդարանական դիվանագիտության խթանմանն ուղղված ջանքերը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ընդհանուր տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին, այս համատեքստում՝ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է կայուն և տևական խաղաղության հաստատման և հարևանների հետ հարաբերությունների վերջնական կարգավորման հասնելու գործում Հայաստանի հստակ դիրքորոշումը:
Մտքեր են փոխանակվել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, ժողովրդավարական ինստիտուտների շարունակական կայացման ու ամրապնդման գործընթացի վերաբերյալ:
Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը Հայաստանի և Կանադայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսին պարգևատրել է Բարեկամության շքանշանով: