13
10, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Տիգրան Ավինյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Տիգրան Ավինյանին՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Շնորհավորում եմ Ձեզ Երևանի քաղաքապետի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթում արդյունավետ ու ստեղծարար աշխատանք:

Երևանի ավագանու անցած ընտրությունները ևս մեկ անգամ վկայեցին, որ Հայաստանը հաստատակամորեն ոտք է դրել ժողովրդավարական և մասնավորապես ընտրական ինստիտուտների կայացման ուղու վրա և հավատարիմ է ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին:

Վստահ եմ, որ քաղաքապետի պաշտոնում Ձեր գործունեությունը հենված է լինելու հենց այս սկզբունքների և արժեքների վրա, ինչպես նաև միտված է լինելու Երևանի շենացմանն ու զարգացմանը, մեր քաղաքացիների համար արժանավայել, բարեկեցիկ ու հարմարավետ միջավայրի ստեղծմանը:

Դուք և Ձեր թիմը մայրաքաղաքային կյանքը ղեկավարելու բարձր պատասխանատվությունը ստանձնում եք մեր երկրի համար բարդ ժամանակաշրջանում, երբ բոլորիս առաջնային պարտականությունն է Հայաստանի արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելն ու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան հարյուր հազար մեր հայրենակիցների խնդիրների լուծումը:

Լիահույս եմ, որ Ձեր գլխավորությամբ Երևանի քաղաքային իշխանությունը կանի հնարավորը մայրաքաղաքում փոխվստահության մթնոլորտի ապահովման հանրային համերաշխության ամրացմանը և Երևանի քաղաքային խնդիրների հանգուցալուծումն ու շարունակական զարգացումը երաշխավորելու համար:

Հարգելի պարոն Ավինյան,

Կրկին շնորհավորելով մաղթում եմ ամուր կամք՝ մայրաքաղաքի զարգացման Ձեր ծրագիրը կյանքի կոչելու առաքելության մեջ և շարունակական հաջողություններ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և մեր քաղաքացիների»:



***


Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է նաև Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությանը:
 

← Վերադառնալ