13
10, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային խորհրդակցություն է ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային խորհրդակցություն է ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ:

Մարզպետը նախագահին մանրամասներ է ներկայացրել մարզում տիրող ընդհանուր իրավիճակի` մասնավորապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության կարիքների գնահատման, շարունակաբար իրականացվող հումանիտար օգնության ծրագրերի և հետագա անելիքների վերաբերյալ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ճգնաժամային իրավիճակում մարզում կատարված հսկայածավալ աշխատանքների արդյունավետ կազմակերպման, ծանր պայմաններում հետևողականության համերաշխության մթնոլորտի լիարժեք պահպանության համար: Իր խոսքում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ նման մասշտաբային հիմնախնդրին համարժեք դիմակայությունը հնարավոր է դարձել կառավարության կառուցողական ու գործուն քայլերի և պետական գերատեսչությունների միասնական ու համակցված աշխատանքի շնորհիվ, ինչը նաև դրական արձագաքնների է արժանացել միջազգային դիտորդների և կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից։

Մարզպետն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատանքի խոսքերի համար և նշել, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանն աջակցելու աշխատանքները կազմակերպվել են արտակարգ ռեժիմում՝ մեծաթիվ կամավորների աջակցությամբ, բռնի տեղահանվածների առաջնային անհրաժեշտության խնդիրները հրատապ լուծումներ ստանում են և ներկայիս ծրագրերն առավելապես միտված են բնակարանային կարիքների և աշխատատեղերի ապահովմանը:

← Վերադառնալ