23
08, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ կայացած աշխատանքային քննարկմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցել է շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ կայացած աշխատանքային քննարկմանը:

Իր խոսքում նախագահը շեշտել է Կառավարության 5-ամյա ծրագրում նախատեսված լայնամասշտաբ շինարարական ծրագրերին մասնավոր շինարարական ընկերությունների ներգրավման կարևորությունը:

Նախագահը մասնավորապես նշել է.

«Այն լայն մասշտաբային աշխատանքները, որոնք կառավարությունը նախաձեռնել է իր 5-ամյա ծրագրում ենթադրում է, որ մեր շինարարական ընկերությունները պետք է մասնագիտանան: Դուք ինքներդ ծանոթանալով այդ ծրագրերին և ուղղություններին, պետք է որոշեք, ընտրեք, թե որտեղ ինչ կարող եք անել:

Պետությունը ունի միջոցներ, պատրաստ է նաև ձեր առաջարկներով տարբեր տնտեսական մեխանիզմներ կիրառել և հնարավորություն ստեղծել, որպեսզի Հայաստանում շինարարական ինդուստրիան վերջնականապես կայանա: Մեր խնդիրը, կառավարության կողմից դրված խնդիրները հստակ են՝ ժամանակ և որակ, որպեսզի կարողանանք հասցնել շինարարական այսպիսի լայն ծավալների իրականացումը»:

Հանդիպման ընթացքում անմիջական մթնոլորտում շինարարական ընկերությունների ներկայացուցիչները հնչեցրել են իրենց հուզող հարցերը:

Քննարկվել են մասնավոր շինարարական կազմակերպությունների և կառավարության փոխգործակցության ուղղությունները, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:
 

← Վերադառնալ