Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Իտալիայի Հանրապետություն
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 23-ին աշխատանքային այցով ժամանել է Իտալիայի Հանրապետություն:
Նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունն այցելել է Սուրբ Ղազար կղզի, հանդիպել Մխիթարյան միաբանության հայրերի հետ և ծանոթացել կենտրոնի բարձրարժեք մշակութային ժառանգությանն ու ներկայիս գործունեությանը: Անմիջական մթնոլորտում Հանրապետության նախագահը զրուցել է միաբանության հայրերի և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: Նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ հնարավորության սահմաններում պատրաստակամ է աջակցել և նպաստել խոշոր կրոնամշակութային կենտրոնի գործունեության հանրահռչակմանն ու զարգացմանը:
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ավանդույթ է դարձել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարության՝ Իտալիա այցերի ընթացքում Վենետիկ այցելությունը, ինչը լավագույն առիթն է ևս մեկ անգամ արժևորելու Վենետիկում հայ ժողովրդի, և մասնավորապես՝ Մխիթարյան հայրերի անգերագնահատելի հոգևոր մշակութային ժառանգությունը, որը պատկանում է ոչ միայն հայերին և իտալացիներին, այլև համաշխարհային նշանակություն ունի։ Վահագն Խաչատուրյանը շեշտել է՝ նաև այս պատմամշակութային ժառանգության շնորհիվ է բյուրեղացել հայ-իտալական բարեկամությունը և նշանակալիորեն զարգացել երկու պետությունների միջև արդյունավետ ու բազմաշերտ համագործակցությունը։
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է նաև Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսություն։ ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, ողջունելով նախագահին, նշել է, որ մեծ պատիվ է իր համար Վենետիկի ՀՀ պատվո հյուպատոսությունում հյուրընկալել նախագահ Վահագն Խաչատուրյանին: Հանդիպման ընթացքում հյուպատոս Գագիկ Սարուխանյանը նախագահին է ներկայացրել հյուպատոսության օրակարգային հարցերն ու ծրագրերը:
Հուլիսի 23-26-ին Իտալիայի Հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի, Իտալիայի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ: Նախատեսված է Վահագն Խաչատուրյանի մասնակցությունն Ամբրոզետտի ուղեղային կենտրոնի և Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի եվրոպական կորպորատիվ խորհրդի (ECAM Council)՝ «Համաշխարհային առաջնորդներն այսօր. բազմակողմանիությունն ավելի լավ ապագայի համար» խորագիրը կրող միջոցառմանը: