Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով հյուրին, շնորհակալություն է հայտնել դիվանագիտական ծառայության ընթացքում հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում դեսպան Զոհուրիի ներդրած ջանքերի համար:
«Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Ձեր կատարած աշխատանքի, մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում Ձեր անձնական ջանքերի ներդրման համար: Այնպես ստացվեց, որ Ձեր աշխատանքային գործունեության փուլում Դուք Հայաստանում եք եղել մեր նորանկախ պատմության ամենադժվարին ժամանակաշրջաններից մեկի ընթացքում և մենք զգացել ենք և՛ Ձեր, և՛ Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը: Դուք ևս հասկանում եք, թե ինչ է նշանակում աջակցությունն այն երկրների համար, որոնք այդ ժամանակաշրջանում օգնության, աջակցության կարիք ունեն:
Վստահ եմ, որ Ձեր հետագա գործունեության ընթացքում կշարունակեք անել հնարավորը՝ մեր երկու երկրների հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար»,- նշել է նախագահը և հաջողություններ մաղթել դեսպանին դիվանագիտական ծառայության ընթացքում
Դեսպան Զոհուրին շնորհակալություն է հայտնել նախագահ Խաչատուրյանին ընդունելության համար և նշել. «Իրանի և Հայաստանի հարաբերությունները գալիս են խոր անցյալից և, անշուշտ, բոլոր ոլորտներում այսօր բարձր մակարդակ ունենք գրանցած: Կատարված աշխատանքը, ինչպես նաև երկկողմ համագործակցությունը ձևավորված է շատ բարձր մակարդակի վրա: Հուսով եմ՝ ապագայում ևս մենք ականատես կլինենք այդ հարաբերությունների առավել զարգացմանը»:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-իրանական բազմաշերտ համագործության շարունակական զարգացման հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ է կատարվել էներգետիկայի, բնապահպանության, ենթակառուցվածքների, ոլորտներում ներկայումս առկա սերտ համագործակցությանն ու նշված ոլորտներում նոր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին: Առանձնահատուկ շեշտվել է գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության խթանման անհրաժեշտությունը:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Իրանի միջև առկա առևտրատնտեսական, քաղաքական ու մշակութային սերտ փոխգործակցության առավել սերտացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության ընդլայնման հեռանկարների վերաբերյալ:
Երկուստեք ընդգծվել է Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման և տարածաշրջանի երկրների համար վերջինիս նշանակության կարևորությունը: