Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության Սենատի Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության Սենատի Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադայի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը նշել է. «Արգենտինան Հայաստանի Հանրապետության համար և, ընդհանրապես, հայերիս համար յուրահատուկ երկիր է: 1991 թվականից հետո, երբ Հայաստանի Հանրապետությունն անկախություն ձեռք բերեց մենք հնարավորություն ունեցանք արդեն որպես երկու երկներ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Դա ևս մեկ խթան էր մեր հարաբերություններն այլ մակարդակով զարգացնելու համար, ինչը մենք այս տարիների ընթացքում մեծ հաջողությամբ իրականացնում ենք:
Ամենակարևորը, որ ուզում եմ ընդգծել դա այն է, որ մեր հարաբերություններում փոխվստահության մթնոլորտ կա, որն էլ օգնում է ոչ միայն երկկողմ հարաբերություններում տարբեր հարցերի լուծմանը, այլ նաև միջազգային տարբեր հարթակներում միմյանց հետ համագործակցելուն: Համոզված եմ, որ ձեր այցելությունն իր նպաստը կբերի մեր հարաբերությունների առավել զարգացման գործում: Սա, փաստորեն, մեր 31 տարվա դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ձեր առաջին այցելությունն է՝ որպես պատգամավորական խումբ»:
Սենատոր Գիժերմո Անդրադան շնորհակալություն հայտնելով ընդունելության համար ասել է. «Այս կարճ օրերի ընթացքում, ինչ գտնվում ենք Հայաստանում մենք կարողացել ենք մեզ զգալ ինչպես տանը: Այստեղ մարդիկ մեր նկատմամբ շատ բարյացկամ և հոգատար են: Այս 31 տարիների ընթացքում մեր հարաբերությունները շարունակաբար խթանել ենք: Մեր երկու երկրների միջև հարաբերությունների հիմքերը դրվել են օրենսդրական մակարդակում, և շարունակում ենք հարաբերությունները զարգացնել առևտրային և տնտեսական մակարդակներում ևս: Մեզ համար այդքան էլ դժվար չէ այդ գործն իրականացնել, քանի որ ունենք բավականին մեծ հայ համայնք, որն ինտեգրված է մեր երկրի կյանքում և դա մեզ հնարավորություն է ընձեռում կապերի առումով գործուն լինել: Երկու կողմի դիվանագիտական կառույցները նույնպես մեզ աջակցում են, որպեսզի այս կապերն ավելի ամուր լինեն: Այդ իսկ պատճառով ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել՝ մենք ունենք բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի մեր հարաբերությունները առավել զարգանան և լինեն փոխշահավետ՝ ի օգուտ մեր երկու երկրների ժողովուրդների:
Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ հայ ժողովրդի համար այս դժվարին և ճակատագրական պահին լինել հայ ժողովրդի կողքին, որպեսզի կարողանաք պաշտպանել խաղաղությունը և մարդկանց իրավունքները»:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-արգենտինական բազմաշերտ համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Երկուստեք շեշտվել է մշակույթի, առևտրատնտեսական կապերի և այլ ոլորտներում առկա փոխգործակցային մեծ ներուժն ու դրա իրականացման կարևորությունը: