Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կատարի Պետության Կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ Ջաբեր Ալ Նուայմիի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Կատարի Պետության կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ Ջաբեր Ալ Նուայմիի հետ:
Հանդիպման ընթացքում նախարարը նախագահ Խաչատուրյանին է ներկայացրել կրթության ոլորտում վերջին տարիներին Կատարում կատարված և ընթացող բարեփոխումներն ու վերջիններիս հիմնական ուղղությունները: Մասնավորապես նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ Ջաբեր Ալ Նուայմին նշել է, որ կրթությունը որպես գերակա ուղղություններից մեկը ներառված է մինչև 2030 թվականը Կատարի զարգացման ռազմավարության մեջ:
Զրույցի ընթացքում քննարկվել են կրթության, գիտության ոլորտում երկու երկրների փոխգործակցության հնարավորությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շուրջ լավագույն փորձի, ինչպես նաև ուսանողների փոխանակման համատեղ ծրագրերի կատարմանը:
Երկուստեք շեշտվել է կրթության և գիտության ոլորտներին պետության առանձնահատուկ աջակցության, ինչպես նաև կիրառական գիտության վրա հիմնված արդյունաբերական տնտեսության զարգացման կարևորությունը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել Կատարի և Հայաստանի կրթության, գիտության և հարակից ոլորտներում համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների կյանքի կոչմանը: