12
04, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին նախագահը, մասնավորապես, ասել է. «Լիոնն այն քաղաքն է, որտեղ մենք ունենք շատ բարեկամներ, կա բավականին ներկայացուցչական և կազմակերպված հայկական համայնք: Դա չէր լինի, եթե, իհարկե, չլիներ Ֆրանսիայի և տեղական իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը:

Համոզված եմ, որ մեր սերտ և բարեկամական հարաբերությունները, ակտիվ համագործակցությունը շարունակություն են ունենալու: Համոզված եմ նաև, որ ձեր այս այցելությունը նոր շունչ և ոգևորություն կտա մեր հարաբերություններին»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Գրեգորի Դուսեն նշել է. «Այն դարավոր բարեկամական կապերը, որոնք մենք ունենք, մինչ օրս ուժի մեջ են և շարունակվում են: Մենք մեծ ցանկություն և պատրաստակամություն ունենք հնարավորինս աջակցել Հայաստանին և հայ ժողովրդին, ինչպես ժամանակին արել են ֆրանսիացի բազմաթիվ մեծ գործիչներ:

Հավաստիացնում եմ, որ իմ կարողությունների շրջանակում կանեմ ամեն հնարավորը Հայաստանին աջակցելու համար»:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է ընդհանուր տարածաշրջանային իրողություններին և Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակմանը: Երկուստեք շեշտվել է հումանիտար միջանցքի բնականոն գործունեության անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը:

Զրույցի ընթացքում նախագահը մանրամասներ է հայտնել նախօրեին Հայաստանի տարածքում՝ Տեղ համայնքի մոտակայքում ադրբեջանական կողմի սադրանքի վերաբերյալ, որի հետևանքով զոհվել է 4 և վիրավորում ստացել 6 հայ զինծառայող: Հանրապետության նախագահը նշել է, որ նման սադրանքները պարբերական բնույթ են կրում և հղի են լայնածավալ ռազմական էսկալացիայի վերածվելու վտանգով: Այս կապակցությամբ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի լարվածության թուլացման վրա որոշակի ազդեցություն է ունենում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում:

Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման սկզբունք և հավատարիմ է այդ դիրքորոշմանը:

 

← Վերադառնալ