03
04, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին նախագահն ասել է. «Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Ես լավ տեղյակ եմ, թե դուք ինչ մեծ աշխատանք եք կատարում Հայաստան-Լեհաստան հարաբերությունների ամրապնդման և զարգացման համար և իմ շնորհակալական խոսքն եմ հայտնում ձեր կատարած աշխատանքի համար:

Մեր հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտությունը մեծ տեղ ունի, որը նաև, իհարկե, կարող է խթանել իշխանության մյուս թևերի համատեղ աշխատանքի առավել ակտիվացմանը:

Մեր երկու երկրները դժվար ժամանակներ են ապրում: Մեր տարածաշրջաններում խաղաղ չէ: Համոզված եմ, որ մեր գործունեությունն ուղղված է նրան, որպեսզի տարածաշրջանի բարդ այս պայմաններում մենք հասնենք խաղաղության:

Եվ այս առումով Հայաստանի համար շատ կարևոր է, որ մեզ համար շատ բարդ, դժվար այս օրերին դուք մեզ հետ եք: Խոսքը վերաբերում է Լաչինի միջանցքի փակմանը: Մեր համատեղ աշխատանքում մենք մեկ նպատակ ունենք որպեսզի ձեզ փոխանցենք այն տեղեկությունները, որ կան, խնդրելով ձեզ այդ հավաստի տեղեկությունները փոխանցել մեր բոլոր գործընկերներին այլ երկրների, որովհետև ցավոք սրտի, մեր հարևան երկիրն ապատեղեկատվություն տարածելու մեծ հնարավորություններ ունենալով, փորձում է մեր գործընկերներին փաստի առջև կանգնացնել, ասելով, թե իբր Հայաստանը չի ցանկանում խաղաղության բանակցություններ վարել, իբր Հայաստանը լարվածություն է առաջացնում տարածաշրջանում: Համոզված եմ, որ ձեր այցելությունն այս առումով շատ օգտակար կլինի»:


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Ռադոսլավ Ֆոգիելն իր խոսքում մասնավորապես նշել է. «Մեզ համար մեծ պատիվ է այստեղ լինել: Միանշանակ, մենք բոլորս կհամաձայնենք այն մտքին, որ խորհրդարանական դիվանագիտությունն իրական դիվանագիտության էական մասն է կազմում: Մենք լիահույս ենք, որ թե՛ խորհրդարանական, թե՛ գործադիր մարմինների մակարդակներում մեր հարաբերությունները շարունակելու են խորանալ՝ դրական ուղղություն ստանալով:

Մենք աշխատելու ենք տարբեր ոլորտներում, մեր համագործակցությունը ծավալվելու է տարբեր ոլորտներում, սակայն գլխավոր շեշտը դրվելու է անվտանգության հարցին թե՛ այս տարածաշրջանում, թե՛ Եվրոպայում»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-լեհական համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեհաստանի ֆոնդային բորսաների ակտիվ փոխգործակցությանն ու վերջինիս ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հնարավորություններին:

Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է Լեհաստանի հետ երկկողմ, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում ակտիվ համագործակցությունը: Նախագահը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է Եվրամիության հետ ձեռքբերված պայմանավորվածություններին և պատասխանատվությամբ է մոտենում ժողովրդավարական ինստիտուտների կայացման ու դեմոկրատական արժեքների պաշտպանության սկզբունքներին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային մի շարք իրողությունների: Շեշտվել է Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման հրամայականը, ինչպես նաև հումանիտար խնդիրների առաջնահերթությունն ու Լաչինի մարդասիրական միջանցքի բնականոն գործունեության անհրաժեշտությունը:

 

← Վերադառնալ