17
03, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վենեսուելայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խեսուս Ռաֆայել Սալասար Վելասկեսը:

Նախագահ Խաչատուրյանը, շնորհավորելով նորանշանակ դեսպանին, մաղթել է հաջողություններ և արդյունավետ աշխատանք: «Այս տարի մեզ համար նշանակալի տարի է: Մենք նշելու ենք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին և Ձեր նշանակումը կարծում եմ՝ շատ խորհրդանշական է այդ առումով: Կարծում եմ՝ մենք միասին ամեն ինչ կանենք, որ մեր հարաբերություններին նոր շունչ տանք և օգտագործենք մեր երկու պետությունների, ժողովուրդների ներուժը՝ հանուն մեր երկրների ժողովուրդների բարեկեցության բարձրացման»,- ասել է նախագահը:

Դեսպան Վելասկեսը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է. «Ինձ հետ բերել եմ Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոյի, ինչպես նաև ողջ Վենեսուելայի ժողովրդի ջերմ ողջույնները»:

Հանդիպմանը քննարկվել են հայ-վենեսուելական հարաբերությունների զարգացման հնարավորությունները և հեռանկարները: Նախագահ Խաչատուրյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանի և Վենեսուելայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը լավ առիթ է երկկողմ փոխգործակցության զարգացման, քաղաքական երկխոսության մակարդակի բարձրացման համար:

Երկուստեք կարևորվել է միջազգային հարթակներում երկու երկրների համագործակցությունը: Դեսպան Խեսուս Ռաֆայել Սալասար Վելասկեսը շեշտել է, որ Վենեսուելայում Հայաստանի Հանրապետության դեսպանի սպասվող նշանակումն իր կարևոր դերակատարությունը կունենա երկու երկրների միջև շփումների սերտացման և հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ընդհանուր իրադրությանն, ադրբեջանական կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակմանն ու տարածաշրջանային հիմնախնդիրներին: Երկուստեք շեշտվել է հակամարտությունների խաղաղ և առանց ուժի սպառնալիքի կարգավորման հրամայականը:

 

← Վերադառնալ