Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի Հանրապետության մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը:
Ողջունելով հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը նախագահն Խաչատուրյանն ասել է. «Մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամական կապերն իրենց նշանակությունն են ունեցել մեր պետությունների հարաբերությունների կառուցման գործում: Այդ գործում կարևորագույն բաղադրիչ է կազմել մշակույթը, մշակութային ընդհանրությունները, առանձնահատկությունները, մեր որդեգրած քաղաքակրթական արժեքները, որոնք նույնպես հիմնված են մշակույթի վրա: Այդ ամենն իր ազդեցությունն է ունեցել քաղաքական մեր համագործակցության վրա, որը հիմնված է փոխվստահության վրա:
Համոզված եմ, որ Ձեր այս այցելությունը միանշանակ իր նպաստը կբերի մեր հարաբերությունների զարգացմանը, նոր գաղափարների հղացման առիթ և հնարավորություն կտա մշակութային համագործակցության բնագավառում»:
Իտալիայի մշակույթի նախարարը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է. «Իտալիան Հայաստանի բարեկամ երկիր է, և մեզ միավորում է հազարամյա բարեկամական կապերն ու հարաբերությունները: Ես այստեղ եմ գտնվում, որպեսզի մենք կարողանանք ավելի ամրապնդել մեր հարաբերությունները և համագործակցությունը: Մշակույթը, ինչպես նաև մնացած բոլոր հիմքերը, որոնք կապում են մեզ, կարող են կայուն հիմնասյուն լինել այդ ամենն իրականացնելու համար»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իտալական մշակութային կապերի խորացման ու երկկողմ միջոցառումների իրականացման, մշակութային քաղաքականության իտալական լավագույն փորձի կիրառման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել պատմամշակութային հուշարձանների և արվեստի ստեղծագործությունների վերականգման և ռեստավրացման ոլորտում իտալացի մասնագետների գիտելիքներն ու հմտությունները Հայաստանում կիրառելու հարցին:
Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման վտանգին և շեշտել, որ այդ արժեքները ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակույթի կոթողներ են, որոնց ոչնչացումն անթույլատրելի է:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում առկա անվտանգային խնդիրներին, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի սպառնալիքին: Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու և մեր տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղություն ապահովելու իր դիրքորոշմանը: