20
02, 2023

Հանրապետության նախագահի աշխատակազմը գրքեր է նվիրել մարզային գրադարաններին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հանձնարարությամբ՝ նախագահի աշխատակազմի և Հայաստանի ազգային գրադարանի նախաձեռնությամբ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ մի շարք մարզային գրադարաններ համալրվել են նոր և ժամանակակից գրականությամբ: Ընտրված գրքերի ցանկում ներառվել են ինչպես դասական, այնպես էլ հայ և արտասահմանյան արդի գրողների ստեղծագործություններ:

Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները գրքերը նվիրելու նպատակով այսօր այցելել են Արարատի մարզի Սուրենավան և Գոռավան համայնքներ, իսկ սահմանամերձ համայնքների գրադարանների համար նախատեսված գրքերը կուղարկվեն Հայաստանի ազգային գրադարանի միջոցով:

Արարատի մարզային գրադարանի տնօրեն Վաչագան Պետրոսյանը, շնորհակալություն հայտնելով գրքերի համար, նշել է. «Այսօր իսկապես տոն է, որովհետև մեր համայնքային գրադարաններն ավելի շատ ուշադրության կենտրոնում են: Մեր համայնքներն ունեն գրքերի համալրման խնդիր, և համոզված եմ, որ նմանատիպ նախաձեռնությունները մեծ ոգևորություն կառաջացնեն և կխթանեն ընթերցանությունը: Ցանկում շատ ժամանակակից գրքեր նկատեցի, որոնք վստահաբար կընթերցվեն: Կարող եմ վստահորեն ասել, որ վերջին շրջանում մեր մարզում նույնպես շատ ակտիվացել է ընթերցանությունը»:

Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր այցելել են նաև Հայաստանի ազգային գրադարան, որտեղ տեղի է ունեցել Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառում:

Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի ազգային գրադարանում: Իհարկե Հովհաննես Թումանյանի ծնունդն արդեն իսկ տոն է իր գոյությամբ մեր պատմության մեջ, և կրկնակի տոն է, որ իր տարեդարձը դարձել է Գիրք նվիրելու օր, ինչով իհարկե կարծում եմ վերջին տարիներին այս գեղեցիկ ավանդույթ դարձած տոնը շատ աշխուժացրել է մեր գրադարանային, գրքի հրատարակչական ոլորտները:

Շատ հաճելի է, որ Հայաստանի Հանրապետության նախագահն այսքան հետաքրքրված է գրադարաններով, և արդեն իսկ անցյալ տարվանից մեծ աջակցություն է ցուցաբերում մեր գրադարաններին: Այսօր նախագահի աշխատակազմը պատրաստել է 13 սահմանամերձ գրադարանների համար նվիրատվություններ, թվով 43 անուն գիրք և Ազգային գրադարանը ևս առիթից օգտվելով պատրաստել է 13 փոքրիկ փաթեթներ մեր սահմանը պահող զինվորների համար»:

← Վերադառնալ