23
12, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային խորհրդակցություն է ունեցել Շիրակի մարզպետարանում՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի, Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ:

Մարզպետ Նազելի Բաղդասարյանն ու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը նախագահին են ներկայացրել Գյումրիում և Շիրակի մարզի այլ համայնքներում անցնող տարվա ընթացքում իրականցված բնակարանաշինական, բարեկարգման և մարզային ենթակառուցվածքներում իրականացված ծրագրերի արդյունքներն ու ընթացիկ վիճակը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նախագահին է զեկուցել գալիք տարվա սուբվենցիոն և ճանապարհային ենթակառուցվածքներում նախատեսվող ծրագրերի՝ մասնավորապես Հյուսիս-Հարավ մայրուղու և միջհամայնքային ճանապարհների կառուցման և հիմնանորոգման նախագծերի մանրամասները:

Համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նախագահին է ներկայացրել հիմնադրամի կողմից արդեն իսկ կատարված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերն ու դրանց վերաբերյալ մանրամասները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Շիրակի մարզի և Գյումրիի մի շարք խնդիրներ և դրանց լուծման ուղիները՝ մասնավորապես Նազելի Բաղդասարյանն ու Վարդգես Սամսոնյանն անդրադարձել են Գյումրիում պատկերասրահ և համերգասրահ ունենալու հարցին:

«Առնվազն տարօրինակ է, որ մշակութային մայրաքաղաք հռչակված Գյումրին չունի ոչ պատկերասրահ, ոչ համերգասրահ և արդյունքում երկրաշարժից հետո Գյումրու պատկերասրահի մշակութային ժառանգությունը գտնվում է Ազգային պատկերասրահի նկուղներում ու պահոցներում և դրանով իսկ ֆիզիկապես վտանգված է»,- նշել է Շիրակի մարզպետը:

Քննարկման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Շիրակում մշակութային և հանրային կյանքի աշխուժացմանն ուղղված ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների այնպես էլ բարեգործական հիմնադրամների կողմից եկող նախաձեռնություններին և ծրագրերին:

«Մենք Գյումրիին և Շիրակին պետք է նայենք շատ ավելի լայն հեռանկարում,  որպես մեր Հյուսիսային դարպասի, որպես տնտեսական ու հաղորդակցային կարևորագույն հանգույցի և իհարկե, ակտիվ մշակութային կենտրոնի տեսանկյուններից և ջանք չպետք է խնայենք, որպեսզի ներկայումս արդեն իսկ ակնհայտ վերափոխվող Գյումրին էլ ավելի զարգանա ու ծաղկի, վերստանալով իր նախկին դերն ու նշանակությունը»,- ընդգծել է նախագահը:

 

← Վերադառնալ