01
12, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի ընտանիքին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ այցելել է գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի ընտանիքին, զրուցել նրա այրու Մարի Հակոբյանի և դստեր Նորա Հակոբյանի հետ: 

Թեյի սեղանի շուրջ անմիջական մթնոլորտում մեծանուն գեղանկարչի ընտանիքի անդամները նախագահին են ներկայացրել հաջորդ տարի Հակոբ Հակոբյանի հարյուրամյակին նվիրված միջոցառումների ծրագրերը:

Հանրապետության նախագահը նշել է, որ մեծանուն նկարչի հարյուրամյակին նվիրված մշակութային միջոցառումները պետք է իրականացվեն ամենաբարձր պետական հովանավորությամբ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անմիջական աջակցությամբ:

Մարի և Նորա Հակոբյանները Հանրապետության նախագահի հետ քննարկել են Հակոբ Հակոբյանի գործերի մշտական ցուցադրության ցուցասրահ-թանգարան ունենալու հարցը, որը կարևոր նշանակություն կունենա գեղանկարչի ստեղծագործությունների պահպանության և հանրային հասանելիության տեսանկյունից:

Նախագահ Խաչատուրյանն իր խոսքում առանձնահատուկ կարևորել է նման թանգարանի ստեղծման անհրաժեշտությունը: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ իր հերթին նշել է, որ քննարկվում են մի շարք տարբերակներ և նկարչի ընտանիքի անմիջական մասնակցությամբ խնդրի վերաբերյալ որոշում կկայացվի:

Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել և իր ուշադրության կենտրոնում պահել մեծանուն նկարչի հարյուրամյակին և հիշատակին նվիրված ծրագրերի ընթացքը:

← Վերադառնալ