Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նորանշանակ դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտը:
Շնորհավորելով Ուրուգվայի առաջին ռեզիդենտ դեսպանին, նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Ուրուգվայի դեսպանության բացումը և այս նշանակումը նոր խթան կհանդիսանա հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերությունների զարգացման համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նորանշանակ դեսպանը նշել է, որ իր առաքելության ընթացքում ջանք չի խնայելու հայ-ուրուգվայական տնտեսական ու մշակութային կապերի սերտացման և քաղաքական երկխոսությունը որակական նոր մակարդակի բարձրացման համար:
Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է հայ-ուրուգվայական հարաբերությունների լավագույն ավանդույթներին, շեշտել, որ դեռևս Խորհրդային միության տարիներից Ուրուգվայը հայ հասարակության համար հարազատ երկիր է, որն հայտնի է որպես Հայոց Ցեղասպանությունն առաջինը ճանաչած պետություն:
Իր խոսքում նախագահը մասնավորապես նշել է. «Համոզված եմ, որ մեր դեսպանատունն էլ շուտով կբացվի և դա իրականում նոր խթան կլինի մեր հարաբերություններին, և մենք կարող ենք մեր հնարավորություններն ավելի շատ օգտագործել, խոսքը գնում է հատկապես տնտեսական հարաբերությունների և ինչու չէ, նաև տուրիզմի ու մշակույթի մասին»:
Զրույցի ընթացքում դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտը Հանրապետության նախագահին է փոխանցել Ուրուգվայի նախագահ Լուիս Ալբերտո Լոկալլեի ողջույնները և նշել, որ իր համար պատիվ է լինել Ուրուգվայի առաջին ռեզիդենտ դեսպանը Հայաստանում:
Իր խոսքում դեսպանը մասնավորապես ասել է. «Ուրուգվայն առաջին անգամն է, որ ունի պաշտոնական ներկայություն Հայաստանում, չնայած այն հանգամանքին որ Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի հետ Ուրուգվայն ունի ավելի քան հարյուրամյա բարեկամություն, չնայած այն հանգամանքին, որ Ուրուգվայի հայ համայնքն այնքան մեծ չէ որքան Արգենտինայի Հանրապետության հայկական համայնքը, բայց անկախ դրանից պետք է նշեմ, որ հայ համայնքի դերը երեքուկես միլիոնանոց Ուրուգվայում շատ էական և կարևոր է: Համայնքի կարևոր հանձնառությունն է եղել, որ Հայաստանը ներկայացված լինի Ուրուգվայում»:
Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն ու նորանշանակ դեսպանը քննարկել են թվայնացման, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում հայ-ուրուգվայական փոխգործակցության ներուժին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել Ուրուգվայում Թումո կենտրոնի բացման հնարավորությանը: Հանդիպման ավարտին երկուստեք ընդգծվել է հաջորդ տարվա ընթացքում Մոնտեվիդեոյում Հայաստանի դեսպանատան բացման կարևորությունը: