Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Արին Կարապետին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արին Կարապետին:
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է պատգամավորին՝ Շվեդիայի խորհրդարանական ընտրություններում նրա ներկայացրած կուսակցության հաղթանակի կապակցությամբ և հույս հայտնել, որ դա ևս մեկ խթան կհանդիսանա Շվեդիա-Հայաստան փոխգործակցության համար:
Արին Կարապետը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ մշտական կապի մեջ է Շվեդիայում հայկական դեսպանության և հայաստանյան գործընկերների հետ տարբեր համատեղ ծրագրերի կյանքի կոչման նպատակով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համահայկական օրակարգային խնդիրներին և տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին:
Քննարկվել են մի շարք ոլորտներում հայ-շվեդական համագործակցության հեռանկարների վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով շվեդական փորձի կիրառմանը Հայաստանում, էներգետիկ անկախության ապահովման մեխանիզմներին:
Արին Կարապետը Հանրապետության նախագահին է ներկայացրել Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի գործունեության մի շարք ասպեկտներ և հնարավոր նախաձեռնություններ երկկողմ առարկայական ծրագրերի շուրջ:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ մշտապես պատրաստակամ է հնարավորինս աջակցել երկկողմ հարաբերությունների և համագործակցության սերտացմանը: