Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորած պատվիրակությանը:
«Մենք միշտ բարձր ենք գնահատել մեր համագործակցությունը: Հիմա առավել ևս բարձր ենք գնահատում, հաշվի առնելով, որ դուք ներկայացված եք և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում»,- ողջունելով հյուրերին ասել է նախագահ Խաչատուրյանը:
Նախագահը բարձր է գնահատել ԿԽՄԿ ջանքերն ուղղված Ադրբեջանում մինչ օրս պահվող անձանց և նրանց հարազատների միջև կապի հաստատմանը, ինչպես նաև նրանց ընդհանուր առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալուն:
Թիերի Ռիբոն շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և ողջունել պետական մարմինների ներկայացուցիչների կողմից Կարմիր խաչի գործունեությանը ցուցաբերվող աջակցությունն ու պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմում և դրանից հետո տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի հետևանքներով ադրբեջանական կողմում անազատության մեջ պահվող անձանց ու անհետ կորածների խնդրին:
Երկուստեք ընդգծվել է, որ հումանիտար բնույթի հարցերը չպետք է քաղաքական շահարկումների առարկա դառնան: