18
10, 2022

Տեղի են ունեցել հայ-բուլղարական բարձր մակարդակի հանդիպումներ

Հոկտեմբերի 18-ին Բուլղարիայի «Ալեքսանդր Նևսկու» անվան հրապարակում տեղի է ունեցել պետական այցով Բուլղարիայի Հանրապետություն ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին դիմավորելու պաշտոնական արարողությունը, որի ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը ծաղկեպսակ է դրել «Անհայտ զինվորի» գերեզմանին և հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին։

Այնուհետև Բուլղարիայի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի առանձնազրույցը, ինչին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։

Ողջունելով Հայաստանի պատվիրակությանը՝ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը կարևորել է նախագահ Խաչատուրյանի այցը՝ ընդգծելով, որ այն նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը։ Նախագահ Ռումեն Ռադևը նշել է, որ Բուլղարիան հետաքրքրված է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ամեն ոլորտում բազմաչափ համագործակցության հետագա ընդլայնմամբ:

Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել է, որ իր գլխավորած պատվիրակության Բուլղարիայի Հանրապետություն պետական այցը լավագույնս վկայում է երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակի մասին, հարաբերություններ, որոնք խարսխված են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և ընդհանուր քաղաքակրթական արժեքների վրա: Նախագահը նշել է, որ այս տարին նշանավորվում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակով և դա լավ առիթ է՝ գնահատելու անցած ուղին, ձեռքբերումները, մատնանշել չօգտագործված ներուժն ու հնարավորությունները և դրանք լիարժեք օգտագործելու պայմաններ ստեղծել։

Հանդիպմանը քննարկվել են հայ-բուլղարական հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է, որ համագործակցության լայն հնարավորություններ կան մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում։ Նշվել է նաև, որ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ոլորտային համագործակցությունը հարստացնելու լավ հարթակ է:

Կողմերը անդրադարձել են անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի, ընդգծելով, որ առանց կայուն ու տևական խաղաղություն հաստատելու՝ զարգացում ապահովելը դժվար կլինի։

Հանդիպման ավարտին Հայաստանի և Բուլղարիայի նախագահները ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների մասին հայտարարություն։ Այնուհետև ստորագրվել է Հայ-բուլղարական առևտրի և տնտեսական պալատ հիմնադրելու մասին հուշագիր․ հայկական կողմից այն ստորագրել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

← Վերադառնալ