Մամուլի հաղորդագրություններ
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Վան Գրիգորյանին և Էնթոնի Բարսամյանին, համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին:
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել մշտապես պետականության կողքին կանգնելու Ամերիկայի հայկական համագումարի սկզբունքային դիրքորոշումն ու 1990-ականներից ի վեր իրականացված բազմաթիվ ծրագրերը:
«Դուք միշտ եղել եք պետության կողքին, անկախ նրանից թե ինչ իշխանություն է եղել: Սա ամենակարևորն է, քանի որ դուք անշահախնդիր կերպով միշտ աջակցել եք պետականությանը և օգնել Հայաստանի քաղաքացիներին: Ես դա շատ բարձր եմ գնահատում, քանի որ հաճախ քաղաքական ու գաղափարական տարաձայնությունները խանգարում են միասնականությանը», - ասել է նախագահ Խաչատուրյանը:
Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտել է և Սփյուռքի ներսում, և Հայաստան-Սփյուռք հարաբերություններում Հայկական համագումարի գործունեության առաջնային սկզբունքներից մեկը միասնականությունն է և հայկական պետականության աջակցությունը:
Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը հյուրերին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական ագրեսիայի վերաբերյալ մանրամասներ: Նախագահն անդրադարձել է Հայաստանի ներկայիս անվտանգային մարտահրավերներին, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առկա ընդհանուր իրավիճակին ու ակնկալիքներին: Նախագահը շեշտել է, որ Հայաստանը բաց է բոլոր գործընկերների՝ այդ թվում ԱՄՆ և Եվրամիության երկրների հետ հարաբերություններում և ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, ինչպես նաև երկրում տիրող ընդհանուր մթնոլորտի շուրջ: Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանն ունի նաև Սփյուռքի կազմակերպությունների աջակցության կարիքը բարեփոխումների իրականցման ճանապարհին, սակայն այդ օգնության բովանդակությունն անհրաժեշտ է վերաձևակերպել և առաջնորդվել զարգացման ու ծրագրերի կյանքի կոչման սկզբունքներով և ոչ թե ուղղակի ու մեկանգամյա բարեգործական օգնությամբ: