29
09, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովակիայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովակիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկը:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Միրոսլավ Հացեկին Հայաստանում Սլովակիայի առաջին ռեզիդենտ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում։

Դեսպան Միրոսլավ Հացեկը նշել է, որ առավելագույն ջանք կներդնի երկու երկրների միջև տարբեր մակարդակներում կապերի ակտիվացման, համատեղ ծրագրերի իրականացման և փոխգործակցության ընդլայնման համար:

Անդրադառնալով համագործակցության ուղղություններին՝ կողմերը մասնավորապես ընդգծել են էներգետիկ, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և առողջապահության ոլորտները: Կարևորվել է նաև գործարար կապերի, երկու ժողովուրդների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը և այդ համատեքստում գործընկեր երկրների ու միջազգային կառույցների աջակցությունը:

← Վերադառնալ