15
09, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ջերմուկ՝ տեղում ծանոթացել իրավիճակին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է Ջերմուկ՝ տեղում ծանոթանալու ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակին։

Նախագահը հանդիպումներ է ունեցել Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի, Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Արսենյանի, պատգամավոր Տրդատ Սարգսյանի հետ, որոնց գլխավորությամբ կազմավորվել էին քաղաքի պաշտպանության կամավորական ջոկատներ։

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը և կորպուսի հրամանատարական կազմի ներկայացուցիչները նախագահ Խաչատուրյանին են ներկայացրել օպերատիվ իրավիճակը։

Նախագահը շրջել է քաղաքում և այցելել դիրքեր, հանդիպել է առանձին դիրքում կանգնած զինվորների հետ, ովքեր իրենց հերոսական գործողություններով զգալի վնաս են պատճառել հակառակորդին։ Նախագահը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող մարտիկների հետ։

← Վերադառնալ