18
08, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ցավակցական ուղերձը

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը, որը խլեց բազմաթիվ կյանքեր, ընդհանուր դժբախտություն դարձավ մեր երկրի բոլոր բնակիչների համար։

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված սգո այս օրերին՝ ի հիշատակ տեղի ունեցած ողբերգության զոհերի, խորապես  ցավակցում եմ զոհվածների հարազատներին և կիսում կորստյան վիշտը: Շուտափույթ  ապաքինում եմ մաղթում վիրավորներին ու տուժածներին։

Ցանկանում եմ նաև իմ և բոլորիս անունից շնորհակալություն հայտնել Արտակարգ իրավիճակների նախարարության և քաղաքապետարանի աշխատակիցներին, մեր բժիշկներին, այլ պատկան մարմինների աշխատակիցներին, Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչներին և մեր կամավորներին՝ անձնուրաց աշխատանքի համար։

Այս սարսափելի ողբերգության կապակցությամբ ևս մեկ անգամ մեր բոլոր քաղաքացիներին, տնտեսվարող սուբյեկտներին և իրավասու մարմիններին հորդորում եմ մշտապես լինել զգոն, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները, քանի որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին են։

 

← Վերադառնալ