11
04, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսը (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և համոզմունք հայտնել, որ Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսը պաշտոնավարման ընթացքում իր փորձն ու մասնագիտական կարողությունները լավագույնս կծառայեցնի հայ-դոմինիկյան հարաբերությունների զարգացմանը։

Դեսպանը վստահեցրել է, որ իր բոլոր ջանքերը կներդնի՝ երկու երկրների հարաբերությունների օրակարգն ավելի հարստացնելու և առաջ մղելու ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների ակտիվացման, փոխգործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Առանձնակի կարևորվել է երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտի զարգացումը՝ որպես դրան նպաստող կարևոր հանգամանք նշելով երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը և ուղիղ օդային հաղորդակցության հաստատումը: 

← Վերադառնալ