28
01, 2022

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Բանակի օրն է. հայկական զինված ուժերը դառնում են 30 տարեկան:

Անկախ իրավիճակներից՝ մեր բանակը եղել ու մնում է մեր անվտանգության և ինքնության երաշխավորն ու պահապանը:

Երախտագիտությամբ ու խոնարհումով հիշենք ու ոգեկոչենք բոլոր նրանց, ովքեր պայքարել ու մարտնչել են մեր Հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի համար, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել մեր անկախության և ազատության համար։

Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին...

Բոլորիդ հետ միասին անհամբեր սպասում եմ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Մենք պետք է շարունակենք մեր ջանքերը նրանց՝ հայրենիք վերադարձնելու և անհետ կորածների արագ հայտնաբերման ուղղությամբ:

Բոլորս պետք է միասնական լինենք բանակի հետ, ամուր պահենք նրա թիկունքը և ամրացնենք այն, համախմբվենք բանակի շուրջ:

Բանակն ու կրթությունը մեր պետականության կարևորագույն հիմնաքարերն են: Աշխարհն արագորեն փոխվում է, և մեզնից է կախված, թե ինչպես օգտագործել այդ փոփոխություններն ի շահ մեր պետականության ու ժողովրդի:

Դրա համար մեզ պետք է ունենալ կրթված և հայրենիքի պաշտպանությանն ամեն ինչով պատրաստ քաղաքացի, կազմակերպված, կարգապահ, տեխնիկապես հագեցած ու տեխնոլոգիապես զարգացած և մարտունակ զինված ուժեր, մրցունակ ու զարգացող տնտեսություն, և իհարկե, հասարակություն, որը պատրաստ է ամեն ինչով և ամեն պահի աջակից լինել բանակին:

Սիրելի՛ զինծառայողներ,

Ձեզնից յուրաքանչյուրը բանակի յուրահատուկ առանցքն է:

Հայրենիքը, մենք բոլորս հույսով ու հավատով, հարգանքով, հպարտությամբ ու վստահությամբ ենք նայում ձեզ, և ձեզ հետ միասին նոր հաղթանակներ ենք կերտելու:

Փա՛ռք Հայոց բանակին:

← Վերադառնալ