Մամուլի հաղորդագրություններ
Մեր երկիրը պատրաստակամ է ընդլայնելու տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցությունը. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի նախագահին
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:
Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Անցած տարիների ընթացքում Հայաստանի և Բուլղարիայի միջև համագործակցությունը շարունակաբար զարգացել է քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական և այլ բնագավառներում, որին մեծապես նպաստել է առկա հարուստ իրավապայմանագրային դաշտը:
Մեր երկիրը պատրաստակամ է ընդլայնելու տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցությունը, ներառյալ՝ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:
Կարևորում եմ Բուլղարիայի հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում: Բարձր եմ գնահատում երկրի կենտրոնական և համայնքային իշխանությունների աջակցությունը և հոգատարությունը հայ համայնքի ազգային և կրոնական ինքնությունը պահպանելու հարցում:
Նշանակալի է կրթական և մշակութային ոլորտներում երկու երկրների միջև հաստատված համագործակցությունը, որի վառ դրսևորումը Սոֆիայի «Սբ Կլիմենտ Օխրիդսկի» համալսարանում հայոց լեզվի, իսկ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում բուլղարերենի դասավանդումն է»: