15
01, 2022

Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ Հայաստանը երկիր է, ուր արժե այցելել. Հայաստանը՝ «Շարժայի ժառանգության օրեր» մշակութային փառատոնի պատվավոր հյուր

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, և հայկական պատվիրակության անդամներն այցելել են Շարժայի ժառանգության ինստիտուտ, հանդիպում ունեցել ինստիտուտի տնօրեն Աբդուլազիզ ալ-Մուսալլամի և «Շարժայի ժառանգության օրեր» մշակութային փառատոնի կազմակերպիչների հետ։

Հայաստանն այս տարի, որպես պատվավոր հյուր, մասնակցելու է Շարժայի ժառանգության ինստիտուտի կողմից անցկացվող ամենամյա հեղինակավոր այս փառատոնին՝ բացառիկ հնարավորություն ունենալով ներկայացնելու մեր երկրի և ժողովրդի մշակութային ժառանգությունը։

«Շարժայի մշակութային ժառանգության օրեր» փառատոնն անցկացվում է 2003 թվականից։ Այն համարվում է ամենահայտնի մշակութային միջոցառումներից մեկը և կազմակերպվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Համաշխարհային ժառանգության օրերի շրջանակում։ Ամեն տարի որևէ երկիր հրավիրում է որպես պատվավոր հյուր, և փառատոնի առանցքում լինում են հենց այդ երկրի ժառանգությունը, արհեստն ու արվեստը, մշակույթն ու ավանդույթները։ Փառատոնին հայկական տաղավարը ներկայանալու է տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո։

Շարժայի ժառանգության ինստիտուտի տնօրեն Աբդուլազիզ ալ-Մուսալլամի հետ հանդիպմանը տիկին Նունե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել՝ Հայաստանին որպես փառատոնի պատվավոր հյուր հրավիրելու համար։ «Մեզ համար մեծ պատիվ է այս գեղեցիկ երկրում և այս հեղինակավոր փառատոնին պատվավոր հյուր լինել։ Մենք մեծապես գնահատում ենք մեր բարեկամությունն ԱՄԷ-ի հետ և հույս ունենք, որ սա մեր երկրների միջև այլ մշակութային ծրագրի մեկնարկ կլինի,- ասել է Նունե Սարգսյանը։ -Մենք պետք է աշխարհին ևս մեկ անգամ ցույց տանք, որ Հայաստանն այն գեղեցիկ երկիրն է, ուր արժե այցելել։ Կարծում ենք, հաջորդ քայլը պետք է լինի արաբական մշակույթի օրերի անցկացումը Հայաստանում»։

Տիկին Նունե Սարգսյանը նշել է, որ ցուցահանդեսը կարող է շրջել նաև արաբական այլ երկրներում և ներկայացնել ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի արվեստն ու ավանդույթները, այլև՝ մշակութային և գիտակրթական ինստիտուտները, ինչպես, օրինակ՝ Մատենադարանը, պատմության, ժամանակակից արվեստի թանգարանները։

Տիկին Նունե Սարգսյանը Հայաստանի մասնակցությունը փառատոնին կարևորել է նաև զբոսաշրջության զարգացման տեսանկյունից և նշել, որ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև առավել քաջատեղյակությունը մեր երկրի մասին կարող է խթանել զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան:

Աբդուլազիզ ալ-Մուսալլամը գոհունակությամբ է նշել, որ այս տարի հենց բարեկամ Հայաստանն է լինելու փառատոնի պատվավոր հյուրը. «Հայերն ու արաբները պատմական բարեկամական հարաբերություններ ունեն, և մենք միշտ վստահությամբ ենք վերաբերվում հատկապես հայկական մշակույթին, ավանդույթներին, ապրանքներին։ Մշակութային համագործակցության շրջանակում մենք սկսել ենք այս բանակցությունները հայկական կողմի հետ և ներկայացրել ենք Հայաստանը՝ որպես պատվավոր հյուր,- ասել է նա։ -Շարժայի ղեկավարությունը հյուրընկալում է Հայաստանը՝ նրա բոլոր մշակութային ուղղություններով, ժառանգությամբ։

Հայաստանի տաղավարը ցուցադրության կենտրոնական հատվածում է, և մեր ցանկությունն է, որ այն լինի մի փոքր կտոր Հայաստանից: Կարծում ենք՝ այն շատ գրավիչ կլինի, քանի որ բոլորը ցանկանում են տեսնել հայկական ժառանգությունը և պատմությունը, գրավիչ կլինի արաբների և 200 տարբեր ազգերի ներկայացուցիչների համար, որոնք ապրում են ԱՄԷ-ում»։

Հանդիպմանը հայկական և էմիրաթական կողմի ներկայացուցիչները մասնավորապես քննարկել են փառատոնին Հայաստանի մասնակցության նախապատրաստական ընթացքի, ներկայացվելիք ոլորտների հետ կապված կազմակերպչական հարցեր։

 

← Վերադառնալ