Մամուլի հաղորդագրություններ
Իրանի հետ մեր հարաբերությունների խորքում փոխադարձ հարգանքի վրա հիմնված պատմական, քաղաքական, մշակութային կապերն են. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը ArabNews-ին
Սաուդյան Արաբիայում տեղակայված Մերձավոր Արևելքի առաջատար անգլալեզու օրաթերթը՝ ArabNews-ը հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը:
Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրույցի՝ Հայաստան- Իրան հարաբերություններին վերաբերող հատվածը.
Ֆայսալ Աբբաս - Դուք թագաժառանգի հետ հանդիպումների ժամանակ նշել եք, որ երկու երկրները ցանկանում են նայել դեպի ապագա: Մտահոգություններ են հնչում Հայաստանի և Իրանի միջև եղած լավ հարաբերությունների վերաբերյալ: Կարծում եք՝ դա կարո՞ղ է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանի և արաբական երկրների հարաբերությունների կարգավորման և կապերի հաստատման համար:
Նախագահ Սարգսյան - Ես հասկանում եմ Սաուդյան Արաբիայի մտահոգությունները: Սակայն Հայաստանը պետք է որոշումներ կայացնի, ընտրություն անի՝ հաշվի առնելով մեր երկրի յուրահատկությունները: Ինչպես նշեցի, մենք դեպի ծով ելք չունենք, չենք կարող մեզ թույլ տալ եղած 4 հարևաններից ևս մեկի հետ հարաբերությունների բացակայություն:
Ֆայսալ Աբբաս - Հասկանում եմ, սակայն իմ հարցը ոչ այդքան երկուսի միջև ընտրություն կատարելու մասին էր, որքան այն մասին, որ այդ հարաբերությունների վերաբերյալ կան թյուրըմբռնումներ, տարակարծություններ: Այդ հարաբերություններն ամբողջությամբ ենթակառուցվածքային, էներգետիկ բնույթի՞ են, թե՞ ներառում են նաև ռազմական և անվտանգային քաղաքականություն:
Նախագահ Սարգսյան - Առաջին հերթին, դրանք չեն ներառում ռազմական և անվտանգային ոլորտները: Այն, ինչ կատարվում է Հայաստանի հարավում, իհարկե, մտահոգում է Իրանին... Մենք փոխգործակցում ենք էներգետիկ ոլորտում, չնայած ծավալները մեծ չեն: Մենք գազ ներկրում ենք Ռուսաստանից և միայն մի փոքր մասն ենք ձեռք բերում Իրանից, փոխարենը՝ նրանց վաճառում ենք էլեկտրաէներգիա: Այս ոլորտում շատ ավելի խորը հարաբերություններ ունենք ԱՄԷ-ի հետ, «Մասդար»-ը նոր արևային համակարգ է կառուցում Հայաստանում, Շարժայից դեպի Երևան չվերթներ են լինելու: Կարծում եմ՝ մեր հարաբերությունների հիմքում ընկած են պատմական, քաղաքական, մշակութային կապերը, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա:
Ֆայսալ Աբբաս - Ի՞նչ կարող եք ասել Ադրբեջանում նրանց միջամտության մասին. խոսում էին, որ նրանք լուռ աջակցել են Հայաստանին Ադրբեջանի դեմ պատերազմում, սահմանին զորավարժություններ էին իրականացվում: Դա չի՞ ենթադրում ենթակառուցվածքային և էներգետիկ հարաբերություններից անցում կատարել այլ մակարդակի:
Նախագահ Սարգսյան - Նրանք միջամտություն չեն ունեցել Հայաստանում, և դա նրանց որդեգրած քաղաքականությունն է: Եթե նրանք իրենց սահմաններում վտանգ են տեսել, ապա դա նրանց ներքին խնդիրն է: Բայց կան նաև շատ այլ հարցեր, որոնց կարող եք ուշադրություն դարձնել: Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած երկրորդ պատերազմում Թուրքիան ամբողջությամբ աջակցում էր Ադրբեջանին, մինչդեռ Իրանը չէր մասնակցում: Իսկ Ռուսաստանը կար և փորձում էր միջնորդ լինել և, ի վերջո, նրան հաջողվեց հակամարտող կողմերին բերել հրադադարի և այսօր էլ փորձում է լուծել հետպատերազմյան շատ խնդիրներ: Եվ կրկին, Իրանն այստեղ բացակայում է: