Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության հայր Էմիր, շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին՝ երկրի ազգային տոնի առթիվ
Կատարի Պետության Ազգային տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության հայր Էմիր, շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Անգնահատելի է Ձեր ուրույն դերակատարումը Կատարի հաջողությունների և միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացման գործում:
Խորին երախտագիտություն եմ հայտնում Կատար կատարած այցի ընթացքում Ձեր ցուցաբերած ջերմ ընդունելության համար:
Տպավորված եմ մեր հանդիպմամբ և բովանդակալից զրույցով, որն ինձ համար մեկ անգամ ևս բացահայտեց պետական մտածողությամբ հզոր գործչին և հարուստ ներաշխարհով անհատին: Այն հիանալի առիթ էր՝ քննարկելու երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները և տարածաշրջանային հարցերը:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ հեռանկարային համագործակցությունն առավել կամրապնդվի և կընդլայնվի»։