Մամուլի հաղորդագրություններ
Մեր երկրներին կապում է սերտ բարեկամությունը, որի հիմքում պատմական և քաղաքակրթական ընդհանուր արժեքներն են. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին:
Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ ծննդյան օրվա առթիվ:
Համոզված եմ, որ Ձեր փորձառության և հմուտ կառավարման շնորհիվ մեր հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունը զգալի հաջողություններ կարձանագրի տնտեսության առաջընթացի և բարեկեցության ապահովման գործում:
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանն ու Իրանը հետևողական են ձևավորված միջպետական բազմաշերտ հարաբերությունների զարգացման հարցում:
Մեր երկրներին կապում է սերտ բարեկամությունը, որի հիմքում պատմական և քաղաքակրթական ընդհանուր արժեքներն են: Ողջունելի է, որ երկկողմ հարաբերություններն ընդլայնվում են տարբեր ոլորտներում` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:
Հայ-իրանական բարիդրացիական կապերն այսօր էլ առանձնանում են մեր ժողովուրդներին բնորոշ յուրահատուկ ջերմությամբ, փոխադարձ վստահությամբ և հարգանքով:
Հայաստանը կարևորում է Իրանի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը, որը կարևորագույն պայման է մեր պետությունների բարգավաճման ու տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման համար:
Լիահույս եմ, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք հանդիպելու և զրուցելու տարածաշրջանային, միջազգային և երկկողմ գործակցությանն առնչվող տարբեր հարցերի շուրջ, ինչը, անտարակույս, կնպաստի հարաբերությունների զարգացման դրական դինամիկային»: