Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՌԴ ֆինանսների նախարարության Գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավարին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության Գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սամվել Լազարյանին:
Նա Հանրապետության նախագահին ներկայացրել է կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները: Մասնավորապես նշվել է, որ կենտրոնն աշխատանքներ է իրականացնում ազգային-տնտեսական քաղաքականության մշակման, մակրոտնտեսական մոդելավորման, բյուջետային ու ներդրումային ռիսկերի վերլուծության, ֆինանսական հաշվետվությունների ստեղծման ոլորտներում: Անդրադարձ է կատարվել մասնավոր ու պետական սեկտորների համագործակցության հեռանկարներին:
Հանրապետության նախագահը զրուցակցի հետ քննարկել է Հայաստանում Գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի կողմից ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Մասնավորապես, նախագահ Սարգսյանը խրախուսել է կենտրոնի համագործակցությունը Հայաստանի համապատասխան պետական գերատեսչությունների հետ:
Կողմերն անդրադարձել են նաև հոկտեմբերի վերջին Դիլիջանում անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին: Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սամվել Լազարյանը, որը գագաթնաժողովի մասնակիցներից էր, ընդգծել է, որ նման մասշտաբային միջոցառումների անցկացումը Հայաստանում կարևոր է երկիրը ներկայացնելու տեսանկյունից: