Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահի հետ. Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր
Պաշտոնական այցով Վատիկանում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհուրդ, հանդիպում ունեցել քահանայապետական այդ խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև մշակութային, կրթական և պատմական ժառանգության պահպանման ու վերականգնման ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների պատմամշակութային ու քաղաքակրթական ընդհանրություններն արտացոլող համատեղ ձեռնարկների իրականացումը։
Անդրադառնալով Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների զարգացմանը՝ Հայաստանի նախագահն ու կարդինալին նշել են, որ այցի շրջանակում ստորագրվող՝ մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը հնարավորություն կտա համատեղ հետազոտություններ իրականացնել պատմական և մշակութային կարևոր նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ։ «Հուսով ենք, որ այն կխթանի ու առավել կսերտացնի Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև կապերը մշակույթի, գիտության, հնագիտության, և այլ ոլորտներում»,- ասել է նախագահ Սարգսյանը։
Հանդիպմանը հաջորդել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որը հայկական կողմից ստորագրել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, Սուրբ Աթոռի կողմից՝ Մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազին։