Մամուլի հաղորդագրություններ
Միասին մենք շատ բան կարող ենք անել. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի հետ
Իտալիա պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի հետ:
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար և ընդգծելով, որ Հռոմ է եկել մեկ այլ հնագույն քաղաքից՝ Երևանից, նախագահ Սարգսյանը նշել է, որ Իտալիա իր այցի նպատակը նաև Երևանի և Հռոմի միջև հարաբերությունների ու համագործակցության զարգացումն է. «Այս հնարավորությունն ուզում եմ օգտագործել և ասել, որ միասին շատ բան կարող ենք անել։ Մենք փոխգործակցության մեծ ներուժ ունենք հատկապես մշակութային, կրթական, պատմական ժառանգության պահպանման և բազմաթիվ այլ ոլորտներում»։
Քաղաքապետ Վիրջինիա Ռաջին նշել է, որ ուրախ կլինեն խորացնել համագործակցությունը և բարեկամությունը Երևանի հետ. «Մեր ժողովուրդների հազարամյակների պատմությունը լավ հիմք է նաև ապագայի գործընկերության զարգացման համար»։ Քաղաքապետն ասել է, որ իրենք պատրաստ են բարեկամների հետ կիսվել փորձով ու պատմական ժառանգության պահպանման իրենց գիտելիքներով։
Հանդիպմանը կարևորվել են երկու մայրաքաղաքների միջև մշակութային կապերի խորացումը, համատեղ միջոցառումների ու ծրագրերի իրականացումը, ընդգծվել է շփումների ակտիվացման անհրաժեշտությունը։
Հայաստանի նախագահը երախտագիտություն է հայտնել Իտալիայի նախագահական պալատի հարևանությամբ գտնվող Սանտ Անդրեա այգում Հովհաննես Թումանյանի կիսանդրին տեղադրելու՝ հայկական կողմի առաջարկին Հռոմի քաղաքապետարանի կողմից համաձայնության տալու համար և հույս հայտնել, որ հայ մեծանուն գրողի կիսանդրին կդառնա հայ-իտալական բարեկամության վկայություններից մեկը:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել նաև 2000թ. Հռոմի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչումը: Նա միաժամանակ կարևորել է Հռոմի Աուգուստո Լորենցինի հրապարակին հարող՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված պուրակում հայ քանդակագործ Վիգեն Ավետիսի հեղինակած՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Հայ մայրը» բրոնզե հուշարձանի տեղադրումը:
Հանդիպման ավարտին նախագահ Սարգսյանը գրառում է կատարել Հռոմի քաղաքապետարանի Պատվավոր հյուրերի գրքում։