01
10, 2021

Հայաստանը բարձր է գնահատում Չինաստանի հետ հարաբերությունները. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն

Չինաստանի ազգային տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Չինաստանի ողջ ժողովրդին՝ ազգային տոնի առթիվ:

«Ես այստեղ եմ՝ իմ հարգանքն ու բարեկամությունն արտահայտելու Չինաստանի ժողովրդի հանդեպ: Հայաստանը բարձր է գնահատում Չինաստանի հետ հարաբերությունները»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Դեսպան Ֆան Յունը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ այցելության համար: «Մենք բարձր ենք գնահատում, որ եկել եք՝ շնորհավորելու մեր ազգային տոնը: Սա մեր բարեկամությունը փաստող օրինակներից մեկն է, և վկայում է այն մասին, որ Դուք կարևորում եք ամուր երկկողմ հարաբերություններ կառուցելու ջանքերը»,- նշել է դեսպանը:

Նախագահ Սարգսյանն ու դեսպան Ֆան Յունն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին, խոսել համագործակցության խորացման հնարավորությունների մասին, ինչպես նաև կարևորել երկու ժողովուրդների միջև շփումների ակտիվացումն ու կապերի սերտացումը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Չինաստանն իր զարգացման ճանապարհով ցույց է տվել, որ յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր ժողովուրդ, հիմնվելով իր ազգային առանձնահատկությունների, մշակույթի, ժառանգության, ավանդույթների վրա, պետք է գտնի զարգացման իր սեփական ուղին և քրտնաջան, կազմակերպված ու կարգապահ աշխատանքով փորձի հասնել հաջողության:

«Մեր երկրի համար այս բարդ փուլում մեզ համար ևս կարևոր է գտնել զարգացման ու հաջողության մեր սեփական ուղին՝ օգտագործելով մեր առավելությունները, օրինակ՝ սփյուռքի ներուժը և տեխնոլոգիական զարգացման հնարավորությունները»,-ասել է նախագահը՝ ավելացնելով, որ տեխնոլոգիական ոլորտում Չինաստանի հետ փոխգործակցության զարգացման մեծ ներուժ կա:

Այս համատեքստում նա անդրադարձել է նաև մեր երկրի տեխնոլոգիական զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) նախագահական նախաձեռնությանը՝ նշելով, որ նախաձեռնության շրջանակում ակնկալվում է համագործակցություն նաև չինական տեխնոլոգիական ընկերությունների հետ: Նախագահը նշել է նաև, որ ուրախ կլինի ավելի ընդգրկուն չինական ներկայություն տեսնել Հայաստանում կազմակերպվող մի շարք միջոցառումների և, մասնավորապես, առաջիկայում Դիլիջանում կայանալիք Մտքերի հայկական գագաթնաժողովին:

 

← Վերադառնալ