22
09, 2021

Գիտությունների ակադեմիան և Բյուրականի աստղադիտարանը պետք է լինեն ժամանակակից, որովհետև դա է միակ զարգացման ճանապարհը. նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակին նվիրված նիստին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:

Շնորհավորելով աստղադիտարանի աշխատակազմին և գիտական հանրույթի ներկայացուցիչներին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Բյուրականի աստղադիտարանը զուտ աստղադիտարան չէ, այն եղել է մեր գիտության հիմնական լոկոմոտիվներից մեկը. «Բյուրականի աստղադիտարանը համաշխարհային կենտրոն էր, համաշխարհային արժեք: Ինձ բախտ է վիճակվել ոչ միայն մաս կազմել այդ դպրոցին, այլև միջազգային գիտական հանրության շրջանակում հանդիպել այն բարձր գնահատականին, որ տրվում էր Բյուրականի աստղադիտարանին»:

Նախագահը նշել է, այսօրվա աստղագիտությունը նույնը չէ, ինչ տարիներ առաջ: «75 փառապանծ տարիներից հետո այսօր պետք է լրջորեն մտածենք, թե հաջորդ տարիներն ինչպիսին են լինելու: Մեր գիտությունը լոկոմոտիվների կարիք ունի, որոնք պետք է առանցքային, ժամանակակից գիտության ուղղություններից լինեն,-ասել է նախագահը: -Դրանք կարող են լինել և՛ արհեստական բանականությունը, և՛ ժամանակակից մաթեմատիկան, և՛ կենսատեխնոլոգիաները: Դրանք կարող են լինել գիտության այն ուղղությունները, որոնք կապված են բնապահպանության, կլիմայի փոփոխության հետ, որովհետև աշխարհն այսօր հսկայական ներդրումներ է անում այդ ուղղություններում»:

Նախագահը կարևոր է համարել գիտության ու իրական արդյունաբերության միջև կապը. «Պետք է կարողանաք Հայաստան բերել ժամանակակից նվաճումները գիտության և տեխնոլոգիաների ոլորտում: Գիտությունների ակադեմիան և Բյուրականի աստղադիտարանը ստեղծվեցին այն պահից, երբ երկու մեծ ակադեմիկոսներ՝ Օրբելին և Վիկտոր Համբարձումյանը, անցնելով հսկայական դպրոց աշխարհի լավագույն կենտրոններից մեկում, վերադարձան Հայաստան: Եկեք չմոռանանք, որ մեր գիտական կենտրոններից շատերի ղեկավարներն իրենց կրթությունը և գիտական աստիճանները ստացել են դրսում: Մենք պետք է չկորցնենք տարիների ընթացքում վաստակած կապն աշխարհի հետ: Այսօրվա կապն աշխարհի հետ տարբեր է: Սա աշխարհ է, որտեղ գիտությանը, մեծ արդյունաբերությանը, մեծ տնտեսությանը զուգահեռ զարգանում են նորը, արագը՝ շատ հաճախ գիտական ստարտափների ձևով: Հայաստանը, գիտությունը, Գիտությունների ակադեմիան և Բյուրականի աստղադիտարանը պետք է մնան երիտասարդ, լինեն ժամանակակից, որովհետև դա է միակ զարգացման ճանապարհը»:

Խոսելով ընդհանրապես հայկական գիտության զարգացման մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ հայկական գիտությունն ընդգրկում է նաև հայկական համաշխարհային գիտությունը: Նա մասնավորապես հիշեցրել է, որ COVID 19 համավարակի պատվաստանյութերից մեկը ստեղծվել է մեր հայրենակից Նուբար Աֆեյանի Moderna ընկերության կողմից: «Մենք ունենք հսկայական առավելություն, որը չենք օգտագործում,- ասել է նախագահ Սարգսյանը: -Մեծ հույս ունեմ, որ բոլորիս ջանքերով այս 75 տարվա փառահեղ պատմությունն ապագայում կենդանի և երիտասարդ կյանք է ունենալու: Ուզում եմ մաղթել, որ մեր գիտությունը նորից լինի համաշխարհային բարձրության վրա: 1970-ականներից մինչև այսօր մենք կարողանում ենք ապրել նաև մեր մեծանուն գիտնականների՝ Վիկտոր Համբարձումյանի, Օրբելու հեղինակություն ու վարկի շնորհիվ: ժամանակն է, որ վերադարձնենք մեր «պարտքը»:

 

← Վերադառնալ