21
09, 2021

Մենք ջանք չենք խնայելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հակամարտության տևական լուծում գտնելու համար. նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Պարոն նախագահ, սիրելի Արմեն,

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ հղում եմ Ձեզ, ինչպես նաև հայ ժողովրդին, երջանկության, բարգավաճման և հաջողության բարեմաղթանքներս:

Գնահատում եմ այն նշանակալի ուղին, որ ուղիղ 30 տարի առաջ անկախության ձեռքբերումից ի վեր, ժամանակակից և ժողովրդավարական պետություն կերտելու համար, անցել է հայ ժողովուրդը: Այսպիսով՝ հաղթահարելով մի շարք փորձություններ՝ Ձեր երկրին հաջողվել է ամրապնդել ինստիտուտների գործունեությունը:

Ֆրանսիան և Հայաստանը կապված են պատմության մեջ խորապես արմատացած առանձնաշնորհյալ հարաբերություններով: Այդ սերտ և վստահելի բարեկամական հարաբերություններն այսօր էլ շարունակվում են բոլոր ոլորտներում: Հուսով եմ, որ մեր երկկողմ հարաբերությունների հարստությունը հանդիսացող այդ կապն ավելի կխորանա համագործակցության ամենատարբեր ոլորտներում, ինչպիսիք են մշակույթը, կրթությունը, առողջապահությունը կամ տնտեսությունը:

Ֆրանսիան ցանկանում է տարածաշրջանում խաղաղության դերակատար լինել, և այդ ոգով է, որ Հայաստանի կողքին է՝ օգնելու նրան հաղթահարել Լեռնային Ղարաբաղի արյունալի պատերազմից մեկ տարի անց իր առջև ծառացած մարտահրավերները: Այս առումով, Ֆրանսիան մասնավորապես ձեռնամուխ կլինի տարածաշրջանի մշակութային և հոգևոր ժառանգության պահպանմանը, որն արտացոլում է Հարավային Կովկասի առանձնահատկությունն ու հարստությունը:

Եվ վերջապես, մենք ջանք չենք խնայելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում գտնելու հակամարտության տևական լուծում և հանգելու Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման՝ ի նպաստ տարածաշրջանի զարգացման և բարգավաճման: Դա ենթադրում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսում՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ֆրանսիան, որպես համանախագահող երկիր, պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերել այդ հարցում:

Այս խորհրդանշական առիթով, վերահաստատելով բարեմաղթանքներս՝ խնդրում եմ ընդունեք հարգանքներիս խորին հավաստիքը»։

 

← Վերադառնալ