21
09, 2021

Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել` ամրապնդելու ավանդական բարեկամության հարաբերությունները. նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը: Ուղերձում ասվում է.

«Չինաստանի կառավարության, ժողովրդի և անձամբ իմ անունից իմ անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի բարեկամ ժողովուրդին՝ Անկախության 30-ամյակի առթիվ:

Ներկայումս պահպանվում է Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան: Չինաստանն ու Հայաստանը միմյանց աջակցում են երկու երկրների առանցքային շահեր ներկայացնող հարցերում, կայուն կերպով զարգանում է նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ կառուցման շրջանակներում համագործակցությունը, նշանակալի ձեռքբերումներ են գրանցվում կորոնավիրուսի համաճարակի դեմ համատեղ պայքարում:

Բարձր եմ գնահատում հայ-չինական հարաբերությունները և պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել՝ խորացնելու քաղաքական փոխվստահությունը, ամրապնդելու ավանդական բարեկամության հարաբերությունները և խթանելու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

 

← Վերադառնալ