Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սարգսյանը ցավակցել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ
Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական խոսք է հղել Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ.
«Խոր ցավ ապրեցի՝ տեղեկանալով սիրված դերասանուհի, Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանի մահվան մասին։
Մոտ վեց տասնամյակ իր դերասանական հարուստ և բովանդակալից կյանքն անցկացնելով Գաբրիել Սունդուկյանի անվան մայր թատրոնում՝ նա իր վառ անհատականությամբ ստեղծեց մնայուն կերպարներ, որոնց միացան նաև նրա փայլուն դերերը հայ կինոյում։
Ինքնատիպ դերասանական խաղը և բեմական վարպետությունը, որ տասնամյակներ շարունակ համադրվում էին Ժենյա Ավետիսյանի և նրա երջանկահիշատակ ամուսնու՝ տաղանդավոր դերասան Յուրի Ամիրյանի կերտած կերպարներում, կշարունակեն մնալ հանդիսատեսի հիշողության մեջ։
Ցավակցում և մխիթարանքի խոսքերս եմ հղում անվանի դերասանուհու ընտանիքին ու հարազատներին, արվեստի երկրպագուներին և կիսում նրանց վիշտը»։