Մամուլի հաղորդագրություններ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնիում կմասնակցի միջազգային հեղինակավոր Summit of Minds գագաթնաժողովին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնիի միջազգային հեղինակավոր ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ավելի քան մեկ տարվա դադարից հետո ֆրանսիական Շամոնիում կհանդիպեն քաղաքական, տնտեսական, գիտական, մշակութային, գործարար շրջանակների հայտնի գործիչներ ամբողջ աշխարհից:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որպես գլխավոր բանախոս, կմասնակցի գագաթնաժողովի երեք տարբեր քննարկումների:
Հավատարիմ իր փիլիսոփայությանը՝ Շամոնիի գագաթնաժողովը հանդես է գալիս իբրև յուրօրինակ հարթակ գաղափարների փոխանակման համար: Քննարկումների գլխավոր թեմաները կլինեն առանցքային մակրոխնդիրները. տնտեսություն, աշխարհաքաղաքականություն, հասարակություն, շրջակա միջավայր և տեխնոլոգիաներ, դրանց զարգացումն առաջիկա տարիներին և հնարավոր ազդեցությունը ներդրումային ու գործարար որոշումների վրա:
«Մտքերի գագաթնաժողովին» ներկա կլինեն և մասնակիցներին կողջունեն Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռոն Քլեյնը (ԱՄՆ), Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախկին գլխավոր տնօրեն (2010-2020) Իվ Դակորդը (Yves Daccord), ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը, միջազգային խոշոր ընկերությունների, գիտակրթական հաստատությունների ղեկավարներ և այլք:
Գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայաստանյան բիզնես միջավայրի վերաբերյալ հանդիպումներ կունենա համաշխարհային մի շարք խոշոր, այդ թվում՝ շվեյցարական ընկերությունների (Google, Nestlé, Cargill, և այլն) ղեկավարների հետ՝ քննարկելու ներդրումների ներգրավման հնարավորությունները։ Այս հանդիպումները բացառիկ հնարավորություն են Հայաստանի ներուժի ներկայացման, համագործակցության նոր ուղղությունների զարգացման, գործարար կապերի հաստատման տեսանկյունից:
Նման յուրահատուկ հնարավորություն է նաև արդեն հաջորդ ամիս՝ 2021թ. հոկտեմբերի 23-24-ը Հայաստանում՝ Դիլիջանում նախատեսված՝ Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովը: