Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:
Նախագահ Սարգսյանն ու Միխայիլ Շվիդկոյն անդրադարձել են մշակութային, գիտակրթական ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների առավել սերտացման, ինչպես նաև նոր ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին: Երկու երկրների միջև հումանիտար կապերի խորացման համատեքստում զրուցակիցները կարևորել են երիտասարդ ստեղծագործողների, գիտնականների, արվեստի ու հասարակական գործիչների միջև համագործակցությունը, համատեղ միջոցառումների կազմակերպումը:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ գալիք տարի Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը, իսկ այս տարի հոկտեմբերին Դիլիջանում անցկացվելու է «Մտքերի հայկական գագաթնաժողովը», որի հիմնական թեմաները նվիրված են լինելու գլոբալ և տարածաշրջանային աշխարհաքաղաքականությանը և նոր տեխնոլոգիաներին, այդ թվում՝ արհեստական բանականությանը, կենսատեխնոլոգիաներին:
Նախագահը նշել է, որ այս բոլոր միջոցառումներին և քննարկումներին ակնկալվում է նաև ռուսաստանցի գործընկերների ակտիվ ներգրավվածությունը, որոնցից շատերի հետ արդեն իսկ արդյունավետ գործակցություն է ձևավորվել:
Հանդիպմանը խոսվել է նաև գալիք տարի «Մտքերի հայկական գագաթնաժողովը» Ռուսաստանի Դաշնությունում կազմակերպելու հնարավորության մասին: