Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող՝ Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկին և նրան ուղեկցող պատվիրակությանը:
Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է, որ երկու երկրների և Հայաստան- Եվրամիություն հարաբերությունները հիասքանչ պատմություն ունեն, սակայն անհրաժեշտ է խոսել ապագայի և ապագայի ծրագրերի մասին:
Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը նշել է, որ ցանկանում են աշխատել երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Սլովակիան բարեկամական վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ, երկու երկրներն ունեն բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ինչը լավ հիմք է տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար: Իվան Կորչոկն ընդգծել է տնտեսության, այդ թվում՝ գործարար կապերի, առևտրատնտեսական հարաբերությունների, տարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժը և դրա արդյունավետ իրացման անհրաժեշտությունը: Նա երկու ժողովուրդների մերձեցման տեսանկյունից կարևորել է նաև մշակութային գործընկերության ընդլայնումը:
Հայաստանի նախագահն ու Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը մտքեր են փոխանակել նաև պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և մարտահրավերների շուրջ:
Անդրադարձ է եղել նաև տարբեր ուղղություններով Հայաստան-Եվրամիության համագործակցության խորացմանն ու զարգացման հեռանկարներին: