28
07, 2021

Ցանկանում եմ Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր տեսնել. նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահի հետ

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 27-ին այցելել է աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկը համարվող՝ ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերություն, հանդիպել Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միյանագայի հետ։

Նախագահ Սարգսյանն ու Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահն անդրադարձել են նախորդ հանդիպման ժամանակ ունեցած քննարկումներին ու պայմանավորվածություններին՝ ափսոսանքով արձանագրելով, որ համավարակն իր ազդեցությունն է թողել նաև տարբեր ծրագրերի իրականացման վրա:

Խոսելով համագործակցության ուղղությունների մասին՝ կողմերն առանձնացրել են գիտության, հատկապես՝ ֆիզիկամաթեմատիկական բնագավառում գործակցությունը, անդրադարձել Հայաստանում Mitsubishi Heavy Industries -ի առաջատար տեխնոլոգիաների ու փորձի կիրառման հնարավորություններին։

Նախագահ Սարգսյանը ներկայացրել է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության ընթացքը՝ նշելով, որ լինելով ապագային միտված ծրագիր՝ այն կենտրոնանալու է երկրի գիտատեխնոլոգիական զարգացման վրա, և ուրախ կլինի գործընկերների թվում տեսնել նաև ճապոնական տեխնոլոգիական հսկային: «Աշխարհը փոխվում է, և կարծում եմ՝ աշխարհի առաջատար ուժը լինելու են տեխնոլոգիաները, գաղափարները, մաթեմատիկան, և հենց այստեղ պետք է կենտրոնացնենք մեր բոլոր ջանքերը,-ասել է նախագահը: -Մենք պետք է պատրաստ լինենք այդ փոփոխություններին: Եթե չփոխվենք, ապա կմնանք հետևում: Ես ցանկանում եմ Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր տեսնել»:

Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահն ընդգծել է, որ իրենց ընկերությունը նույնպես հետաքրքրված է Հայաստանի հետ փոխգործակցությամբ: Նա նշել է, որ նախագահ Սարգսյանի հետ առաջին հանդիպումից հետո Հայաստան ծրագրված այցը չի կայացել համավարակի պատճառով, և մոտ ապագայում նախատեսում են այցելել Հայաստան՝ տեղում առկա ներուժին և համագործակցության հնարավորություններին ծանոթանալու համար։

Mitsubishi Heavy Industries-ը աշխարհի առաջատար արդյունաբերական ընկերություններից է, որը մասնագիտացած է մասնավորապես ռազմական և ուղևորափոխադրող ինքնաթիռների, տիեզերանավերի շարժիչների, տիեզերակայանների սարքավորումների, ուղևորափոխադրող և բեռնափոխադրող նավերի, սուզանավերի, հետազոտական սարքավորումների, ծովային նավիգացիոն համակարգերի, էլեկտրակայանների, կլիմայական սարքավորումների արտադրության մեջ: Ընկերությունն ունի փորձարարական և տեխնիկական հետազոտությունների առաջատար համակարգ, որում ընդգրկված են գիտատեխնիկական հետազոտությունների և գիտահետազոտական կենտրոններ։

 

← Վերադառնալ