Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սարգսյանը միջուկային անվտանգության ապահովման ոլորտում փոխգործակցության հարցեր է քննարկել Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալության նախագահի հետ
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալություն (Nuclear Regulation Authority), հանդիպում է ունեցել գործակալության նախագահ Ֆուկեթա Տոյոշիի հետ։
Նախագահ Սարգսյանն ու Ֆուկեթա Տոյոշին քննարկել են միջուկային անվտանգության ապահովման ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալության ղեկավարը Հայաստանի հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ իրենք մշտապես վերազինում են ատոմակայանները և սարքավորումները՝ համապատասխանեցնելով դրանք ռիսկերին, և այս ոլորտում իրենց փորձառությունը կարող է ուսանելի ու օգտակար լինել գործընկերների համար։
Անդրադառնալով համագործակցության ուղղություններին՝ կողմերը մասնավորապես առանձնացրել են միջուկային անվտանգության կարգավորումների, միջուկային վառելիքի և միջուկային թափոնների կառավարման ոլորտները, ինչպես նաև համատեղ հետազոտական աշխատանքների իրականացումը միջուկային ֆիզիկայի բնագավառում: Փոխգործակցության զարգացման նպատակով կարևորվել են ոլորտի մասնագետների փոխայցելություններն ու փոխանակման ծրագրերը:
Ճապոնիայի միջուկային կարգավորման գործակալությունը պետական մարմին է, որը հիմնվել է Ֆուկուսիմա Դաիչի ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո՝ 2012 թվականին՝ երկրում միջուկային անվտանգության ապահովման նպատակով: